Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արցախա ծուխ

Արցախա ծուխ
28.10.2008 | 00:00

ՎԵՐՀՈՒՇ
Արդեն մեկ տարի է, ինչ պտտվում-պտտվում և ուզում եմ սրտի խոսք ասել Վարդան Հակոբյանի մասին։ Չեմ պտտվում գլխով, չեմ երդվում նրա արևով, բայց ուզում եմ խոսք ասել լեռնոտ երկրում բանաստեղծական իր բլուրն ունեցող, գրական կազմակերպչի, արդար զինվորի, հողի տիրոջ, Արցախա ծուխ ու ծխան ունեցող, խելքը հին Արցախի ավելի հին ձիերի վարգը հանգ արած բանաստեղծի մասին։ Հպարտ եմ, որ Ամարասում էնպես է աշակերտել սուրբ Մեսրոպ Մաշտոցին, որ սանի վիպասքը քսաներորդ դարում հիացրել է Վազգեն Ա Կաթողիկոսին։
Վարդան Հակոբյանի ամեն մի գիրքը հիշեցնում է Արցախ, մի գետ, մի հովիտ, մի սար, մի խաչքար, մի հնություն։ Արթուն, սահմանապահ գրքեր են, զորական գրքեր։ Բանաստեղծը, մշակութային գործիչը զորացնում է իր եզերքը։
Ես նրան շատ եմ տեսել հոգեխռով վիճակներում։ Տեսել եմ նաև Մոսկվայում՝ ընտիր խմբի կազմում։ Պարզապես պաշարել էին Կրեմլը՝ պահանջելով հենց պատմության ճշմարտացիությամբ ու սահմանադրությամբ լուծել Ղարաբաղի խնդիրը։ Ես էլ խմբի հետ մի քիչ ծուլիծուլ եղա, վիզս ավելի ձգեցի, բայց զինվոր տեսա Վարդանին ու վարդանականներին։
Վերադարձա Մոսկվայից։ Հայոց փետրվարն էր։ 88-ը։ «Զվարթնոցից»՝ օպերա, Ազատության հրապարակ։ Հրդեհ էր, արդար պահանջի խարույկ։ Մի կայծ էլ, թվում էր, ես եմ բերել՝ ղարաբաղցի մոսկվաբնակ ու արցախաբնակ տղերքը, ասես, ինձ էին նվիրել, ես էլ ոգևորված բերել էի։ Ոգևորված էի վարդանականների մոսկովյան պահվածքից։ Վերադարձից հետո նամակ գրեցի Վարդանին։ Հիշում եմ՝ ինչպես Մոսկվայում, զրույցների ժամանակ, էնպես էլ նամակում դեմ էի գործադուլին, որևէ բան ջարդել-փշրելուն։ Օրերս թերթերիս մեջ հայտնվեց Վարդանի նամակը։ Սիրով հանձնում եմ «Իրավունքը de facto»-ի ընթերցողներին։ Թող որ քսանամյա իր նամակը դառնա իմ չասված խոսքը՝ հղված իրեն՝ 60-ամյա բանաստեղծին։
Ցանկացողն էս նամակի մեջ կտեսնի Վարդանին՝ ինչպիսին նա կար երեկ, է` ու կլինի Աստծո բաժին իր մնացած կյանքի ճամփին։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Սիրելի Հրաչյա
Եկա Մոսկվայից և, երկու օր չանցած, ստացա նամակդ։ Չպատասխանեցի (չնայած մտքիս մեջ ամեն օր վերհիշում էի տողերդ), սպասեցի, որ դու էլ վերադառնաս Երևան։ ՈՒ հանկարծ՝ նոր ուրախություն։ Արդեն «Հայրենիքի ձայնն» է հասնում ինձ։ Այն էլ՝ Արցախ աշխարհի ու բոլորիս համար շատ լարված ու դժվարին, ինչո՞ւ չէ, նաև՝ հպարտ օրերին։ Հպարտ, որովհետև մեր ժողովուրդն իր միաբանությամբ ու հավերժական արդարացիությամբ մեկ անգամ ևս ընդգծեց հոգու և ոգու վեհությունը, անհաղթելիությունը, ցույց տալով, որ այդ հատկանիշները էություն ու գոյության խորհուրդ են իր համար։
Իմ վերադարձից հետո, կարճ ժամանակում, շատ ջրեր հոսեցին։ Դա լավ է, այսինքն, նշանակում է՝ վերջապես հաղթահարվում է «լճացման շրջանը» նաև մեր մարզում։ ՈՒրեմն, թող հոսեն ջրերը, նրանց հոսքին շատ ենք սպասել։ Իսկ ես, որ բառեր չեմ գտնում իմ ամենախորին երախտագիտությունը քեզ հայտնելու համար, խոնարհվում եմ քո նուրբ, շատ նուրբ ու մեծ սրտի առաջ։ Որքան հիշում եմ, մանկությունից ի վեր, իմ հասցեին ասված խոսքերից այսքան դեռ չէի շիկնել, չգիտեմ՝ այսքան չէի՞ն գովել ինձ, թե՞ պարզապես շիկնելու կարողությունս էի կորցրել։
Նման ուրախություն մեկ էլ ունեցել եմ Համո Սահյանի 70-ամյակի երեկոյին, երբ եղբայրդ (թույլ կտա՞ս ասեմ՝ նաև իմ եղբայրը)՝ մեր սիրելի Հրանտ Մաթևոսյանը, մոտեցավ (մինչ այդ անձնապես ծանոթ չէինք իրար) և ասաց, որ բանաստեղծին նվիրված իմ բանաստեղծությունը հավանել է։ Ինչ խոսք, ինձ համար դա անսպասելի, մեծ պատիվ էր։
Շնորհակալ եմ՝ հողից մինչև երկինք։ Աստված ձեզ, ձեր ընտանիքին, բոլորիդ առողջություն տա, տա այն ամենը, ինչ միայն Աստված կարող է տալ։ Շեն կենաք։
Առայժմ՝ այսքանը։ Կհանդիպենք՝ կխոսենք։ Ջերմ բարևներ՝ բոլորին։
Համբուրում եմ` քո Վարդան
7.04.88 թ.
ք. Ստեփանակերտ
Հ. Գ. -Արցախում լարվածությունը թուլանում է, մարդիկ արդեն աշխատանքի են գնում, դա լավ է։ Եվ դրան զուգահեռ՝ է՛լ ավելի է ուժեղանում ղարաբաղցուն առանձնահատուկ համառությունը։ Որ ասացինք, պիտի անենք։ Թող լինի»։

Դիտվել է՝ 6520

Մեկնաբանություններ